3.4.10

Առյուծաշեն

Առաջին տպավորություն. 45-50 ամյա մի կին, գյուղից քաղաք տեղափոխված, ճարպիկ: Մի խոսքով այնպիսիներից, որ իրեն տեսնելով համոզվում ես, որ այ սա չի կորչի: Նույնիսկ ոչ դուրեկան մի բան կա: Ակամա մտքումդ կրկնում ես հերթական անգամ, որ իրոք գյուղից եկածը քաղաքացուն իր ետևում կթողնի, միայն թե մեծ քաղաքում գլուխը պահի: Մեղա-մեղա մտածում ես, որ կխաբի էլ, կստի էլ / իբր մերոնք չեն ստում/, միայն թե իր օրվա հացը վաստակի ու հլա դրանից հետո տուն էլ կառնի, երեխային էլ կպասկի` օժիտով- բանով, ապառիկով կահույք ու հեռուստացույց էլ կառնի: Հետո ինչ, որ մեր հաճախած ռեստորաններն ու կինոթատրոնները սկի չի էլ մտնի: Այ այս ամենը մտածելով հանդերձ հարցնում եմ անունը: Ոչ տանում, ոչ բերում ու անվան սկզբում տիկին բառն է ասում ու հլա դրանից հետո անվան փոխարեն ազգանունը: Իբր մինչ այդ մտածածս քիչ էր, սա էլ ապացույց:


Քաղաքացուն ու գրել-կարդալ իմացողին բնորոշ առոգանտությունս ամենևին չթագցնելով, ինչպես ասացի դրա կարիքը զգացվում էր, հարցնում եմ, թե քաղաքում է ապրում թե ոչ, և եթե այո, ապա որ մասում: Բնականաբար ապրում է քաղաքի այնպիսի մասում, որին ծանոթ չեմ: Ապրում է դստեր հետ, որը 17 տարեկան է: Քանի-որ նրա գյուղացի լինելը, նաև ինձ ներկայանալիս տիկին ազգանունով դիմելը ինձ տվել է չափերս անցենլու հնարավորություն, սկսում եմ հարցնել, թե որ գյուղից է, երբ է քաղաք եկել և այլն: Հարցեր, որոնք «քաղաքացին քաղաքացուն» չի տա:

Պարզվում է հարավից է, ինչ, որ մի գյուղից, որի անունը բնականաբար անծանոթ է ինձ: Մայրաքաղաք է տեղափոխվել շուրջ 25 տարի առաջ ամուսնու ու 5 երեխաների հետ: Ինչպես բոլոր միայնակ մարդիկ, սկսում է պատմել: Ամուսնացել է 9 տարեկանում, իրենից 20 տարի մեծ մարդու հետ, երևի որովհետև տանն էր մնացել: Իրեն ամուսնացրել են բռնի, քանի-որ, խնդիրը ոչ թե իր փոքր լինելն էր, այլ այն, որ ամուսինը շատ էր մեծ և արդեն հասցրել էր թաղել իր կանանցից մեկին: Մնացյալ երկու կանանցից մեկը, ավեի ուշ պիտի մահանա ծննդաբերելիս, իսկ մյուսը` կհեռանա: Ահա հերոսուհիս 9 տարեկանում հայտնվում է իր ամուսնու տանը: Այնքան փոքր է, որ տան գործ էլ նորմալ չգիտի: Գիտի միայն օգնել, իսկ այ ճաշեր եփել չգիտի: Չգիտի լվացք անել, թույլ է դեռ շորերը լավ պրտելու համար, բայց ասենք կարող է փռել դրանք չորանալու: Ինչևէ 11 տարեկան էր, երբ պարզվում է, որ այլևս աղջնակ չէ, ու կարելի է զբաղվել երեխաներ ունենալով: Այդ մասին իմանում է նույն գյուղում ապրող իր մորաքրոջից: Ծնողների գյուղը բավական հեռու էր, իսկ նախնական տեղեկությունները կին ծնվելու հետևանքների մասին, մայրն անշուշտ չէր փոխանցել, կամ դրա առիթը չէր եղել:: Հղության մասին իմաց է տալիս դարձյալ նույն մորաքույրը, քանի-որ դարձյալ այդ մասին տեղեկություններ չուներ: Հայրը գալիս է նրան տուն տանելու, որպեսզի ծննդաբերության պահին մոր մոտ լինի: Պարզվում է, որ էշով երկու գյուղերի միջև տարածությունը կտրելը վտանգավոր կարող է լինել առաջին հղությունը կրող 11 ամյա աղջկա համար: Մնում է ամուսնու գյուղում: 12 տարեկանում ունենում է առաջին երեխան` տղա: Երեխայի ծնվելուց հետո հայրը դստեր փոխարեն իր հետ տանում է նորածին թոռանը, քանի-որ 12 տարեկան մայրը երեխային պահել չէր կարողանալու: Նոր ծնված երեխան մոր մոտ է վերադառնում միայն մեկ տարեկանում, մինչ այդ ծնվում է երկրորդ տղան: Դարձյալ նույն կերպ տարվում է փոքրիկ մոր ծնողների գյուղը, մինչև քիչ կմեծանար: Այ արդեն երրորդ երեխային ինքն է պահում, արդեն 14-15 տարեկան էր ու մեծ կին: Հաջորդում են ևս երկու երեխա: Արդյունքում երեք տղա ու երկու աղջիկ:



Ամենափոքրը 2 տարեկան էր, երբ ամուսնու եղբայրների պնդմամբ տեղափոխվում են մայրաքաղաք, ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքով: Քաղաք տեղափոխվելուց քիչ անց ամուսինը հիվանդանում է ու հիվանդանոց ընկնում: Քաղաք հրավիրած եղբայրները նույնիսկ հիվանդանոց չեն գալիս այցելության: Ստիպված վաճառում է տան ամեն ինչը և գյուղից իր հետ բերած չնչին ոսկեղենը ամուսնու բուժման ծախսերը հոգալու համար: Ամուսինն էլ, չնայած քիչ-թե շատ ապաքինվում է, անկարող է աշխատել, գոնե այդպես են փոխանցում զրուցակցուհուս: Սկսում է աշխատել անծանոթ քաղաքում: Բնականաբար հավաքարարուհի է դառնում: Պահում է ընտանիքին ու ծերացող ամուսնուն, մեծացնում է երեխաներին: Տանը խնդիրներ են սկսվում: Տղաներից ավագը տրվում է թմրամոլությանը, այն երկուսը սկսում են խմել, իսկ ամուսինը մեղադրում է նրան ուրիշ տղամարդկանց հետ կապեր ունենալու, մի խոսքով մարմնավաճառության համար: Մեծ դստերն ուղարկում է ծնողների մոտ գյուղ: Թմրամոլ տղան մորից փող պոկելու համար սկսում է ծեծել նրան: Հարբեցող տղաների հետ մեկ տան մեջ ապրել չի կարողանում` կրոնն էր արգիլում: Տղայի կողմից ծեծվելը, թաղի մոլլայի հետ խոսակցությունները, դրանք բոլորը մանրամասնորեն պատմեց զրուցակիցս: Չերակարացնելու համար ասեմ, որ վերցնում է փոքր աղջկան ու հեռանում տնից: Ծնողների մոտ չի վերադառնում, քանի հորից նեղացած էր դեռ այն ժամանակ, որբ իրեն բռնի ամուսնացրեց, ոչ թե 10 տարեկան այլ 30 տարեկանի հետ: Բայց մասնակցում է ծնողների կողմից կազմակերպված իր մեծ դստեր հարսանիքին:

Հիմա բնակվում է մայրաքաղաքում: Դարձյալ հավաքարարություն է անում ու պահում է աղջկան: Հարցնում եմ ինչու նորից չես ամուսնացել: Առանց դեմքի մկանները շարժելու ասում է, որ ամուսինը նրանց համար է, ովքեր թույլ են: Եթե կարող եմ և կին լինել, և տղամարդ, ինչիս է պետք ամուսինը: Ինքս իմ ամուսինն եմ: Հարցնում եմ աղջկանից: Դպրոցում է: Եթե ուզողներ ունենա, կպսակի, եթե ոչ, թող գնա մի բան սովորի ու աշխատի: Սիրուն է հարցնում եմ: Այ այստեղ ժպտում է ու ասում. «Դեղձի պես է»:

Ամաչում ես: Ամաչում ես, որ քո կյանքը այդքան հեշտ ու խաղաղ է ընթացել: Քո կյանքի ամենաանտրամաբանական ու անսպասելի վայրիվերումն էլ դժվար թե քեզ հետ այսպես վարվի: Որն է տարբերությունը մեր` չգիտեմ: Նաև չգիտեմ, պատմությունը իրական է, թե ոչ: Կամ գուցե դրա որոշ մասերն են իրական: Գուցե ամբողջը: Այն ինչ լսեցի 50 տարեկան թվացող, բայց 35 ամյա Տիկինից, եթե նույնիսկ ոչ նրա, ապա պատմությունն է բազմաթիվ կանանց: Խոսքը ամենևին էլ փոքր տարիքում ամուսնացնելու մասին չէ: Քավ լիցի, ով գիտի, թե որն է ճիշտը: Ոչ էլ առիթ է կանանց իրավունքները հիշելու: Սա պատմություն է քաջ, խիզախ ու համարձակ մի կնոջ, որ մանուկ աղջկան ամուսնացնող գյուղից քաղաք է եկել: Միայնակ է մնացել` առանց ամուսնու, որդիների, ծնողների, ազգականների: Կռվել է առյուծի պես առյուծների դեմ ու դարձել է իր ու դեղձանման դստեր առյուծը:

No comments:

Post a Comment