Նա ապրում էր Բելիսա Քրեփուսքոլարիո անվամբ, ոչ նրա համար, որ այդ անունը նրան շնորհվել էր կնքվելիս, կամ մայրն էր ընտրել դա, այլ այն պատճառով, որ ինքն էր երկար փնտրտուքից հետո վերջապես գտել “գեղեցկություն” և “մթնշաղ” բառերը և դրանցով ծածկել իր անձը: Նա իր ապրուստը վաստակում էր բառեր վաճառելով: Ճամփորդում էր երկրով մեկ, անցնում բարձր լեռներով ու չոր տափաստաններով, կանգ առնում տոնավաճառներում ու շուկաներում, որտեղ արևից ու անձրևից պաշտպանվելու համար չորս ձողերի վրա տնկեցնում էր իր կտավե ծածկը և ընդունում էր իր հաճախորդներին:
Նրա ծառայությունների մասին հայտարարելու անհրաժեշտություն չկար, քանի իր երկար ճամփորդությունների ադյունքում արդեն ամեն ոք գիտեր, թե ով էր նա: Ոմանք նույնիսկ ստիպված էին մեկ տարի սպասել նրա գալուն: Եվ երբ նա հայտնվում էր գյուղում` կապոցը թևատակին, մարդիկ նրա տաղավարի մոտ հերթ էին կազմում: Նրա ծառայությունների գները ցածր էին: Հինգ չենտավոյի դիմաց նա բանաստեղծություններ էր գրի առնում, յոթի դեպքում երազներն էր թղթին հանձնում, ինն չենտավոյով սիրային նամակներ էր գրում, տասներկուսով հայհոյանքներ ու անեծքներ էր հորինում անդառնալի թշնամիների համար: Նա նաև պատմություններ էր վաճառում` ոչ երևակայական, այլ երկար, իրական պատմություններ, որոնց նա մեկ անգամ լսելով անմիջապես գրի էր առնում, առանց մեկ բառ անգամ դուրս թողնելու:
Ահա այսպես նա լուրը մի քաղաքից մյուս քաղաք էր տանում: Մարդիկ նրան վճարում էին նաև մի քանի բառ գրելու ու իր հետ տանելու համար. մենք զավակ ունեցանք, այսինչը մահացավ, մեր երեխաներն ամուսնացան, այս տարվա բերքը հրդեհվեց: Ուր, որ նա գնում էր մարդիկ հավաքվում էին նրա շուրջը և լսում էին նրան. և այդպես նրանք լուրեր էին ստանում միմյանց մասին, հեռու ազգականների մասին, այն մասին, թե ինչպես էր ընթանում քաղաքացիական պատերազմը: Նա, ում վճարը 50 չենտավոն անցնում էր, որպես նվեր ստանում էր մի գաղտնի բառ, որն օգնում էր նրան տրտմությունն անցկացնելու համար: Այդ բառերը, բնականաբար, տարբեր էին տարբեր մարդկանց համար, քանի այլ պարագայում դա խաբեություն կլիներ: Յուրաքանչյուրն ստանում էր իր բառը, համոզված լինելով, որ ամբողջ աշխարհում, երբևէ ոչ մեկն այլևս չի ստանա այն:
Բելիսա Քրեփուսքոլարիոն ծնվել էր մի շատ աղքատ ընտանիքում, այնքան աղքատ, որտեղ նույնիսկ անուններ չկար երեխաներին տալու համար: Նա ծնվեց ու մեծացավ ամենաանհյուրընկալ մի վայրում, ուր երբեմն անձրևը երկնքից թափվում էր այնքան վարար, որ լվանում ու տանում էր ամեն ինչ: Իսկ երբեմն էլ այնպիսի չորություն էր տարածվում շուրջ բոլորը, որ տարիներ շարունակ հորիզոնում արևն էր վառվում միայն ու աշխարհը վերածվում էր մի անապատի: Մինչև տասներկու տարեկան դառնալը Բելիսայի միակ առաքելությունն էր տոկալ սովի ու կարծես դարավոր ուժասպառության դեմ: Մի անժամանակ երաշտի տարում էլ նա ստիպված եղավ հողին հանձնել չորս փոքրիկ քույրերին ու եղբայրներին: Երբ Բելիսան զգաց, որ հաջորդն արդեն ինքն է լինելու` որոշեց ճամփա ընկնել դեպի ծով տանող տափաստանները, հույս ունենալով, որ ճանապարհին նրան կհաջողվի մոլորեցնել մահվանը:
Ճանապարհն արդեն չկար. ծածկված էր խորը ճեղքերով ու քարերով, ծառերի մնացորդներով, փշե թմբերով ու արևի տակ կիզված անասունների կմախքներով: Ընթացքում նա հանդիպում էր այլ ընտանիքների, որոնք նույնպես դուրս էին եկել ջուր որոնելու: Նրանցից ոմանք իրենց հետ էին վերցրել նաև իրենց ապրուստի մի մասը, որը սակայն ստիպված էին լինում թողնել ճամփին, երբ արդեն դժվարանում էր իրենց իսկ մարմինները առաջ շարժելը: Նրանք հազիվ էին քայլում. մարմինները կծկվում էր ցավերից, նրանց մաշկը այրվում էր, գունափոխվում ու մոտենում անապատի բնակիչների գույնին, իսկ նրանց աչքերը կարծես վառվում էին ու քիչ անց մարում կիզիչ արևի ցոլքերից: Բելիսան ձեռքը թափահարելով ողջունում էր նրանց, բայց կանգ առնել չէր կարող, ուրիշներին կարեկցելու ուժն սպառվել էր: Շատերը ուժասպառ էին լինում ու ընկնում ճամփին, բայց նրա համառությունն ավելի էր: Նա անցավ այդ դժոխքի միջով ու վերջապես հասավ ջրի առաջին կաթիլներին: Գրեթե անտեսանելի կաթիլներին, որոնցից սնվում էին նոսր, այստեղ-այնտեղ աճած բույսերը: Այդ կաթիլները, սակայն, քիչ անց դառնում էին փոքրիկ վտակներ ու ճահիճներ:
Բելիսա Քրեփուսքոլարիոն փրկեց իր կյանքը և այդ ժամանակ էր հենց, որ իր համար հայտնաբերեց գիրը: Ափի մոտ գտնվող գյուղում քամին թերթի մի կտոր բերեց նրա ոտքերի մոտ: Նա վերցրեց մաշված դեղին թուղթը և երկար ժամանակ նայեց դրան, առանց հասկանալու թե դա ինչ է, մինչև հետաքրքրասիրությունը հաղթեց իր ամաչկոտությանը: Նա մոտեցավ իրենից քիչ հեռավորության վրա գտնվող մի մարդու, որն իր ձին էր լվանում ցեխոտ մի մեծ ջրափոսում: Այդտեղ քիչ առաջ Բելիսան հագեցրել էր իր ծարավը.
- Ինչ է սա,- հարցրեց Բելիսան:
- Ինչ-որ մի թերթի մարզական էջ,- պատասխանեց մարդը` փորձելով թագցնել իր զարմանքը նրա անտեղյակության վրա:
Պատասխանն ապշեցրեց աղջկան: Նա, չցանկանալով անքաղաքավարի մարդու տպավորություն թողնել, փորձեց հնարավորինս հանգիստ հարցնել էջի վրա տարածվեղ միջատի հետքերի նշանակության մասին:
- Սրանք տառեր են: Այստեղ ասվում է, որ Ֆուլգենչիո, Բարբան երրորդ ռաունդում տապալեց Էլ Նեգրո Թիզնաոյին:
Այդ օրը Բելիսա Քրեփուսքոլարիոն հասկացավ, որ բառերն իրենք իրենց տեղն են գտնում աշխարհում առանց որևէ մեկի հրամանի, և որ յուրաքանչյուրն, ով փոքր ինչ խելք ունի կարող է դրանք դասավորել այնպես ինչպես կուզենա և նույնիսկ գումար վաստակել դրանցով: Նա փորձեց աչքի անցկացնել իր ապրուստ ձեռք բերելու միջոցները և անմիջապես եզրակացրեց, որ մարմնավաճառ կամ հարուստների տներում որպես աղախին աշխատելուց բացի, այլ հնարավորություններ չունի: Նրան թվաց, որ բառեր վաճառելը կարող էր բավական պատկառելի աշխատանք դառնալ: Այդ պահից սկսած սկսեց աշխատել այդ ուղղությամբ: Սկզբում նրան թվում էր, թե բառերը թերթերից բացի, այլ տեղ հնարավոր չէ օգտագործել, բայց երբ անդրադարձավ որ այդպես չէ և երբ հաշվարկեց իր առևտրից ստացվելիք գումարը, անմիջապես գործի անցավ: Իր գումարից քսան պեզո նա վճարեց մի հոգևորականի, որ իրեն գրել-կարդալ սովորեցնի: Իր մնացյալ երեք մանրադրամներով նա մի բառարան գնեց: Առաջին էջից մինչև վերջին էջն ընթերցելուց ու յուրացնելուց հետո բառարանը ծովը նետեց, քանի չէր ցանկանում իր հաճախորդներին խաբել փաթեթավորված բառերով:
Եւ ահա տարիներ անց, օգոստոսյան մի առավոտ Բելիսա Քլեփուսքոլարիոն նստած հրապարակի կենտրոնում կանգնեցրած իր վրանի տակ, շրջապատված շուկայի աղմուկով իրավական նախադասություններ էր վաճառում մի ծերունու, որն ավելի քան 16 տարի փորձում էր իր թոշակն ստանալ ու չէր հաջողվում: Հանկարծ նա գոռոցներ ու ձիու սմբակների ձայն լսեց: Գլուխը թղթի վրայից բարձրացնելով տեսավ նախ փոշու ամպ, ապա մի խումբ ձիավորների, որոնք ձառատրոփ հրապարակ մտան: Նրանք Գնդապետի մարդիկ էին, որոնք եկել էին Էլ Մուլաթոյի գլխավորությամբ, մի հսկայի, որը երկրով մեկ ճանաչված էր իր դաշույնի արագության և իր տիրոջ հանդեպ իր հավատարմության համար: Եւ Էլ Մուլաթոն, և Գնդապետը իրենց կյանքն անցկացրել էին քաղաքացիական պատերազմներում և նրանց անուններն ուղղակիորեն կապված էին այն ամենի հետ, ինչ բնաջնջվում, ամայցվում ու ավերվում էր:
Խումբը քաղաք մտավ ինչպես մի փոթորիկ` քրտքնի մեջ կորած, փոշի բարձրացնելով, ահ ու սարսափ տարածելով և մրրիկի հետքեր թողնելով ամենուր: Հավքերը հեռու թռչեցին, շներն իրենց բները մտան, կանայք և երեխաներն իրար անցան ու յուրաքանչյուրն իր համար մի թաքստոց գտավ և վերջապես հրապարակում միակ կենդանի շունչը մնաց Բելիսա Քլեփուսքոլարիոն: Նա երբևէ չէր տեսել Էլ Մուլաթոյին և շատ զարմացավ երբ տեսավ, որ նա մոտենում է իրեն:
- Ես քեզ էի փնտրում,- ասաց նա Բելիսային ուղղելով իր օղակաձև մտրակը: Եւ դեռ խոսքը չավարտած երկու հսկա մի կողմ նետելով նրա տաղավարի ծածկը, ջարդելով նրա թանաքամանը ամուր կապեցին նրա ոտքերն ու ձեռքերը և պարկի պես նետեցին Էլ Մուլաթոյի ձիու վրա: Խումբը քառատրոփ արշավեց դեպի լեռները:
Ժամեր անց, երբ Բելիսա Քրեփուսքոլարիոն ձիու վազքի արագությունից ու վայրիվերումներից արդեն շնչահեղձ էր լինում, խումբը կանգ առավ և երկու ուժեղ ձեռքերի զույգ նրան ցած իջեցրեց: Բելիսան փորձեց ոտքի կանգնել, բայց ուժերն սպառված էին ու անմիջապես գետին ընկավ` թաղվելով տարօրինակ թուլության ու երազի մեջ: Նա արթնացավ ժամեր անց, երբ արդեն ճամբարում մութ էր, բայց մինչև կկարողանար իրարից զանազանել ձայները, Էլ Մուլաթոյին գտավ իր գլխավերևում, որն իրեն էր նայում անհամբեր հայացքով.
- Վերջապես արթնացար, կի’ն: Եւ նրան կազդուրելու համար իր ջրամանի միջից վառոդով խառնված խմիչք հրամցրեց նրան:
Բելիսան փորձեց պարզել նման կոպիտ վերաբերմունքի պատճառը և Էլ Մուլաթոն բացատրեց, որ Գնդապետը նրա ծառայությունների կարիքն ունի: Բելիսային թույլ տրվեց երեսին ջուր ցայելու, իսկ հետո նա տեղափոխվեց ճամբարի խորքը, ուր ցանցաճոճի վրա նիրհում էր ամբողջ երկրում ահ ու սարսափ տարածած Գնդապետը: Բելիսան չէր տեսնում նրա դեմքը, քանի նա ծածկված էր տերևների ժամանակավոր շողքով ու երկար տարիների ելուզակության մնայուն շղարշով: Բայց տեսնելով, թե նրա օգնականն ինչպիսի խոնարհությամբ ներկայացավ նրան, Բելիսան հասկացավ, որ նրա դեմքը պետք է բավական սպառնալի արտահայտություն ունենար: Սակայն շուտով նրան զարմացրեց Գնդապետի ձայնը, որը շատ մեղմ էր և հավասարակշռված, ինչպես գիտանականինը:
- Այդ դու ես այն կինը, որ բառեր է վաճառում,- հարցրեց նա:
- Ձեր խոնարհ ծառան,- կմկմաց Բելիսան, փորձելով մթան մեջ տեսնել նրա դեմքը:
Գնդապետը վեր կացավ տեղից և շրջվեց դեպի Բելիսան: Բելիսան նկատեց նրա մուգ մաշկն ու վայրի հովազի հայացքը և անմիջապես հասկացավ, որ իր առջև կանգնած էր աշխարհի ամենամիայնակ մարդը:
- Ես ուզում եմ նախագահ դառնալ,- հայտարարեց նա:
Գնդապետը հոգնել էր երկրով մեկ արշավանքներ մղելուց, հաճախ անիմաստ մարտեր վարելուց ու այնպիսի պարտություններ կրելուց, որոնց ռազմական ոչ մի հնարք չէր կարող հաղթանակների վերածել: Երկար տարիներ նա բաց երկնի տակ էր քնել, առանց միջատներից պաշտպանվելու, օձով ու իգուանայով սնվելով, բայց նման մանրուքները չէին պատճառը նրա նախագահ դառնալու ցանկության: Այն, ինչ իրականում անհանգսատցնում էր նրան մարդկանց աչքերում եղած սարսափն էր: Նա ցանկանում էր քաղաք մտնել գունավոր դրոշներով զարդարված հաղթանակի կամարի տակով, ամենուրեք ծաղիկներ տեսնել. նա ցանկանում էր, որ իրեն ուրախությամբ դիմավորեին ու թարմ ձու և հենց նոր թխած հաց հրամցնեին: Բայց մարդիկ փախչում էին նրանից, երեխաները սարսափում էին և կանայք վիժում էին իրեն տեսնելիս. արդեն բավական էր. և այդ պատճառով էլ նա որոշել էր նախագահ դառնալ: Էլ Մուլթան առաջարկել էր արշավել դեպի մայրաքաղաք, գրավել պալատն ու կառավարությունն իրենց ձեռքը վերցնել, այնպես ինչպես բազմիցս արել էին` գրավելով ու վերցնելով այլոց պատկանելիքը, առանց թույլտվության: Գնդապետը, սակայն, չէր ցանկացել բռնապետ դառնալ, իրենից առաջ նմանները շատ էին եղել, և բացի այդ, եթե նման կերպ վարվեր, դարձյալ չէր շահելու ժողովրդի համակրանքը: Ուստիև նա որոշել էր ձգտել հաղթելու Դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:
- Նման բանի համար, ես պետք է իսկական թեկնածուի պես խոսեմ: Կարող ես արդյոք ինձ բառեր վաճառել ելույթիս համար,- հարցրեց Գնդապետը Բելիսա Քրեփուսքոլարիոյին:
Բելիսան բազմաթին պատվերներ էր ընդունել մինչ այդ, բայց երբեք նմանը չէր ստացել: Սակայն, նա վախեցավ մերժել` ակնկալելով, որ Էլ Մուլաթոն անմիջապես գնդակը կարձագի ճիշտ ճակատին և կամ, որ ավելի վատ կլիներ, Գնդապետի արցունքները ցած կհոսեն: Այլ պատճառ ևս կար. Բելիսան զգաց Գնդապետին օգնելու պահանջը, որովհետև, իր մաշկի տակ զգաց բաբախող մի ջերմություն, այդ մարդուն դիպչելու, շոյելու և իր գիրկն առնելու մեծ ցանկություն:
Ամբեղջ գիշեր և հաջորդ օրվա մեծ մասը Բելիսա Քրեփուսքոլարիոն փորփրեց բառերի իր պաշարը նախագահական ելույթի համար հարմար բառեր գտնելու. նրան հետևում էր Էլ մուլաթոն, որն իր հայացքը չէր կտրում նրա` երկար քայլելուց պրկված ոտքերից ու կուսական կրծքից: Նա իր բառերի միջից մի կողմ նետեց կոպիտ, սառը բառերը, այն բառերը, որոնք շատ սիրալիր էին, այն բառերը, որոնք ճնշումների արդյունքում էին առաջացել, այն բառերը, որոնք անիրագործելի խոստումներ էին պարունակում, անիրական ու մոլորեցնուղ բառերը, միչև մնացին այն նրանք, որոնք ըստ Բելիսայի կարող էին դիպչել մարդկանց բնազդներին: Օգտվելով հոգևորականից երկու պեզոյով սերտած դասերից, նա ելույթը գրի առավ մի թղթի վրա ու կանչեց Էլ Մուլաթոյին, որպեսզի նա բացեր իր ոտքերը ծառին կապող պարանը: Էլ Մուլաթոն տարավ նրան դարձյալ Գնդապետի մոտ և դարձյալ Բելիսան զգաց այն նախկին դողը, որն ունեցել էր Գնդապետին առաջին անգամ հանդիպելիս: Նա Գնդապետին փոխանցեց թուղթը և սպասեց մինչև նա ուսումնասիրեց այն` զգուշությամբ այն պահելով երկու մատով:
- Իսկ այս ինչ բարբաջանք է գրված այստեղ,- վերջապես հարցրեց նա:
- Դուք կարդալ չգիտեք:
- Պատերազմ. ահա թե ինչ գիտեմ ես:
Բելիսան բարձրաձայն կարդաց ելույթը: Այն կարդաց երեք անգամ, որպեսզի իր հաճախորդը կարողանա այն մտապահել: Երբ ավարտեց, տեսավ կանգնած զինվորների դեմքերի արտահայտությունները, ինպես նաև նկատեց, որ Գնդապետի աչքերը փայլում էին ոգևորությունից, համոզվածությամբ, որ այս բառերով նախագահական աթոռն իրենն է լինելու:
- Եթե տղաները նույն բանը երեք անգամ լսելուց հետո դեռ շարունակում են բերանները բաց կանգնել, նշանակում է, որ այս անիծված գրվածքն իրականում լավն է, Գնդապե’տ,- իր դրական կարծիքը հայտնեց Էլ Մուլաթոն:
- Շատ բարի, կի’ն, ինչքա±ն պետք է քեզ վճարեմ ծառայությանդ դիմաց,- հարցրեց Գնդապետը:
- Մեկ պեզո, Գնդապետ:
- Դա շատ քիչ է,- ասաց նա` բացելով մեջքին կախված կաշվե տոպրակը, որը ծանր էր վերջին արշավանքի արդյունքներով:
- Մեկ պեզոյի դեպքում դուք նաև նվեր եք ստանում. Ձեզ կտամ ես Ձեր երկու գաղտնի բառերը,- ասաց Բելիսա Քլեփուսքոլարիոն:
- Ինչու:
Բելիսան բացատրեց, որ յուրաքանչյուր 50 չենտավոյի դիմաց հաճախորդը ստանում էր մեկ բառ, կողմնակի օգտագործման համար: Գնդապետն ուսերը թոթովեց: Դա իր համար, բնականաբար, որևէ հետաքրքրություն չուներ, բայց չուզելով անքաղաքավարի գտնվել, այն մարդու նկատմամբ, որն իրեն այդպես լավ էր ծառայություն մատուցել համաձայնեց ստանալ այդ երկու բառը: Բելիսան դանդաղ մոտեցավ Գնդապետի կաշվե աթոռին ու կռացավ նրա ականջին ասելու բառերը: Գնդապետն զգաց կնոջից բուրող վայրի կատվային հոտը, նրա մարմնից բարձրացող ջերմությունը, լսեց նրա մազերի շրշյունն իր ականջին, նրա թարմ շունչը, որ ականջին շշնջացին այն երկու բառերը, որոնք միմիայն իրեն էին պատկանում:
- Դրանք միայն Ձերն են, Գնդապետ,- ասաց Բելիսան, ուղղվելով,- Դուք կարող եք դրանք օգտագործել այնքան, ինչքան կցանկանաք:
Էլ Մուլաթոն ուղեկցեց Բելիսային մինչև ճանապարհը սկիզբը. նրա աչքերը վառվում էին իր ոհմակը կորցրած շան հայացքով. բայց երբ փորձեց դիպչել նրան, նրա գլխին տեղաց նախկինում երբևէ չլսված բառերի մի ամբողջ թումբ: Հասկանալով, որ դրանք անվերադարձ անեծքներ են, նա իր մեջ խեղդեց ցանկության կրակը:
Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում Գնդապետն իր ելույթն արտասանեց բազմաթիվ անգամներ, այնքան շատ, որ եթե նրանք կազմված չլինեին վառ ու երկարակյաց բառերից, ապա անպայման կմոխրանային ասվելու ժամանակ: Նա ճամփորդեց երկրով մեկ, բարգավաճող քաղաքներով ու ամենամոռացված գյուղերով, ուր միայն աղբի հետքերն էին հուշում մարդկային ներկայության մասին: Նա համոզում էր իր համաքաղաքացիներին ընտրելու իրեն: Այդ ընթացքում, երբ Գնդապետն ուղղում էր իր ճառը հրապարակի մեջտեղում կանգնեցրած հարթակի վրա, Էլ Մուլաթոն ու նրա տղաները պատերը ոսկեգույն նաղշերով ծածկում էին Գնդապետի անվամբ: Ոչ ոք, սակայն, ուշադրություն չէր դարձնում այդ գովազդող պատկերներին. բոլորը տարված էին Գնդապետի առաջարկություններով ու նրա առաջ քաշած հիմնադրույթների բանաստեղծական պարզությամբ, վարակված էին նրա` պատմության սխալներն ուղղելու ուժեղ ցանկությամբ ու կամքով և երջանիկ էին իրենց կյանքում առաջին անգամ: Երբ թեկնածուն ավարտում էր ելույթը, նրա զինվորները հրավառություն էին սարքում հրապարակում: Իսկ հետո, երբ հեռանում էին նրանք իրենց ետևից թողնում էին արթնացած հույսեր, որն օդում թևածում էր օրեր շարունակ, ինչպես գիսաստղի թողած հիշողություն: Շուտով Գնդապետը դարձավ բոլորի սիրելին. Ոչ ոք երբևէ նման բան չէր տեսել. մի մարդ , որ անցել էր քաղաքացիական պատերազմով, սպիներով ծածկված դեմքով ու գիտնականին նման ձայնով մի մարդ, որի համբավը տարածվել էր ամբողջ երկրով մեկ, գրավել էր ժողովրդի սիրտը: Մամուլը կենտրոնացել էր նրա վրա: Լրագրողները հեռուներից նրա մոտ էին գալիս` հարցազրույցներ վերցնելու և նրա խոսքերը տպագրելու համար: Նրա բարեկամների ու ընկերների թիվը գնալով աճում էր:
- Մենք շատ լավ ենք առաջ գնում, Գնդապե’տ,- ասաց Էլ Մուլաթոն, հաջողակ ընտրարշավի սկզբից 12 շաբաթ անց:
Բայց թեկնածուն կարծես չէր լսում. Նա անվերջ կրկնում էր իր գաղտնի բառերը, գնալով ավելի ինքնամփոփ դառնալով: Նա կրկնում էր դրանք, երբ կարոտախտի գիրկն էր ընկնում, շշնջում էր դրանք քնի մեջ, իր հետ տանում էր դրանք ձիու վրա, մտաբերում էր դրանք, նախքան իր հայտնի ելույթն ունենալը և իրեն հայտնաբերում էր նույնիսկ հանգստի ժամին դրանք վայեյելիս: Եւ ամեն անգամ, երբ մտածում էր այդ բառերի մասին, մտածում էր նա նաև Բելիսա Քլեփուսքոլարիոյի մասին և իր մեջ արթնանում էր նրա վայրի բուրմունքի, նրա այրող ջերմության, նրա մազերի շշնջյունի և իր ականջին շշնջացող նրա շնչի հիշողությունը: Դա տևեց այնքան, մինչև նա սկսեց լուսնոտի պես այս կողմ, այն կողմ քայլել, և նրա մարդիկ հասկացան, որ նա կարող էր նույնիսկ մահանալ, մինչև նախագահական աթոռին նստելը:
- Քեզ հետ ինչ է կատարվում, Գնդապե’տ,- հարցնում էր Էլ Մուլաթոն շարունակ: Եւ մի օր էլ վերջապես Գնդապետը խոստովանեց, թե ինչն է իր շշմածության պատճառը. այդ երկու բառերը, որոնք դաշույնի պես խրվել էին իր կոկորդում:
- Ասա’ ինձ, այդ բառերը և մի գուցե դրան կկորցնեն իրեն կախարդական ուժը:
- Դրանք ասել չեմ կարող. դրանք միմիայն ինձ համար են,- պատասխանեց Գնդապետը:
Տեսնելով, որ Գնդապետի վիճակը գնալով վատթարանում է, Էլ Մուլաթոն հրացանը մեջքին գցեց և ճանապարհ ընկավ Բելիսա Քրեփուսքոլարիոյին գտնելու: Նա Բելիսային փնտրեց ամբողջ երկրով մեկ, մինչև նրան գտավ ծայր հարավում, իր տաղավարում նստած, լուրերի շարք գրի առնելիս: Նա ոտքերը իրարից բացած, զենքը ձեռքին կանգ առավ Բելիսային դիմաց.
- Դու’, դու կգաս ինձ հետ:
Բելիսան սպասում էր դրան: նա վերցրեց իր թանաքամանը, թևի տակ առավ իր վաճառասեղանի խսիրները, վզնոցը ուսերին գցեց և առանց բառ իսկ արտասանելու տեղավորվեց Էլ Մուլաթոյի ձիու թամբին: Ճանապարհին նրանք ոչ մի բառ չփոխանակեցին. Էլ Մուլաթոյի` նրան դիպչելու ցանկությունը գագաթնակետին էր հասել, սակայն կնոջ բառերից վախը ստիպում էր նրան զսպել իրեն իր մտրակով նրան կտոր-կտոր անելուց: Էլ մուլաթոն նաև չասաց կնոջը, որ Գնդապետն ինչպիսի վիճակում էր, որ այդ բառերը նրա հետ արել էին այն, ինչը տարիների պատերազմները չէին կարողացել անել: Երեք օր անց նրանք հասան Գնդապետի ճամբարը և բոլոր զինվորների աչքի առաջ բանտարկյալին անմիջապես թեկնածուի մոտ տարան:
- Ահա, բերել եմ այս կախարդին, որպեսզի Դուք նրան վերադարձնեք այդ բառերը, Գնդապետ,- ասաց Էլ Մուլաթոն իր հրացանի փողն ուղղելով կնոջ գլխին,- և հետո նա Ձեզ կվերադարձնի Ձեր տղամարդկությունը:
Գնդապետն ու Բելիսան կանգնած տարածությունից իրար էին նայում: Գնդապետի մարդիկ հասկացան, որ նա երբեք այդ անիծյալ բառերի կախարդանքը չի վերացնի, քանի ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես վայրի հովազի հայացքը մեղմացավ, երբ կինը մոտեցավ նրան ու նրա ձեռքերն առավ իր ձեռքերի մեջ:
Թարգմանություն. Էվա Լունայի պատմությունները
Պատմություն երկրորդ` Փչացած աղջիկը
ba ur e sharunakutyune?
ReplyDeleteprtsnum a espes :)
ReplyDelete