3.4.10

Մտքի թռիչքը

Բարեւ,

Ես միտքն եմ: Առանձնացել եմ մեկից, ով պատրաստ էր ինձ ազատ թողնել: Նա, ով պառկեց ու որոշեց, որ ժամանակն է ինձ ազատել: Կտրվեց ամեն ինչից` օրից, սևից, սպիտակից, փայտից, ապակուց, մթից, նույնիսկ լույսից ու որոշեց, որ այդ ամենից ավելի շատ հեռանալու համար պետք է ինձ ազատ թողնել: Աչքերը փակեց ու շշնջաց. “ազատ ես, գնա:”

Սակայն, կարծես թե դա բավական չէր: Քանի-որ չնայած արտասանում էր այդ բառերը, բայց իրականում պատրաստ չէր ինձ թողնել: Դեռ ինչ-որ բան պակասում էր ինձ ամբողջովին ազատելու համար: Փակեց աչքերը: Շատ պինդ փակեց: Ու այս անգամ, խոսելու փոխարեն, մտածեց. “Գնա’:”



Պոկվեցի: Պոկվեցի այնպիսի արագությամբ, որ սկի չհասցրեց էլ ցավ զգալ: Երբ իրենից քիչ հեռացել էի, ետ նայեցի ու տեսա, որ գոհ ժպտում է: Աչքերը խոնավ էին, բայց ժպտում էր:


Սենյակից դուրս սլացա դեպի մյուս սենյակը: Ինչ-որ բան, սակայն, ճնշող էր այնտեղ: Նորից ետ դարձա ու առանց նրա կողմը նայելու դուրս թռա պատուհանից...

Բարձրության վրա էի: Ներքևում տներ էին, դրանց մեջ` մարդիկ. յուրաքանչյուրն իր գաղտնիքներով, վշտերով, երջանկությամբ, սիրով ու ատելությամբ:

Այժմ ազատ էի: Կարող էի մոտենալ նրանցից յուրաքանչյուրին ու իմանալ, թե ինչն ինչոց է: Ինչ են զգում, մտածում, երազում… բայց այնքան ուրիշ բաներ կար տեսնելու, լսելու ու զգալու, որ որոշեցի շարունակել:

Սլացա քաղաքի վրայով: Անցա շենքերի, դպրոցների, հիվանդանոցների, արձանների ու խանութների վրայով:

Հեռացա քաղաքից: Հասա դաշտերին, լեռներին: Տեսա ձյունով ծածկված գագաթները, տեղ-տեղ սառած լճերը, սպիտակած ափերով գետերը:

Օդը սառն էր. թարմ: Երկինքը խորհրդավոր էր: Լուսինն ինչպես միշտ միայնակ էր ու ճեփ-ճերմակ:

Ավելի բարձրացա, մինչև մոտեցա լուսնին: Նրան մոտից տեսա: Նրա վեհությունը, լույսը, հոտն ու սառնությունը շշմեցնող էին:

Ոգիս լցվել էր: Ուռչել էր:

Գիտես չէ, որ միտքն էլ ոգի ունի: Ամեն ինչ, ինչ ապրում է, ոգի ունի: Մեծ կամ փոքր. ունի: Թե չէ առանց դրա հո չի լինի: Ինչ որ բան պիտի էակին առաջնորդի չէ: Այ դա ոգին է: Ծիծաղելի կթվա, բայց միտքն էլ ոգի ունի: Ոգին էլ ոգի ունի: Այդ ոգին էլ ոգի ունի և այդպես շարունակ:

Այ հենց այդ վերջին ոգին փառավորվել էր: Այնքան էր փառավորվել, որ կարողացավ թելադրել մտքին: Արդյունքում մտքի ոգին թելադրեց մտքի մտքին: Այո, այդպես էլ է լինում:

Ենթարկվելով ոգուս` սլացա անհայտ ուղղությամբ:

Դարձյալ դաշտեր էին, քաղաքներ, գյուղեր, լեռներ… սլանում էի արագ, թեթև.. ճախրում էի:

Քիչ անց հասկացա, թե ուր եմ գնում: Գնում էի մեկ այլ միտք գտնելու: Փնտրում էի: Փնտրում էինք ես, միտքս ու ոգիս: Պետք էր գտնել մի միտք, ով նույն կերպ պոկվել էր մեկից: Այդքան էլ դժվար չէր: Ինձ պես թափառողները շատ էին: Բայց արի ու տես, որ յուրաքանչյուր միտք գտնելիս կամ ես էի դժգոհ, կամ միտքս կամ էլ ոգիս:

Յուրաքանչյուր մտքի հանդիպելիս բացատրում էինք, թե ինչ ենք փնտրում: Այդքան էլ բարդ չէր. Փնտրում էինք մի միտք, որին կամավոր կերպով են ազատ արձակել, որ նույն կերպ ոգին թելադրել է մտքին ու միտքն էլ կամովի է ենթարկվել ոգուն: Ու կարծես թե այստեղ բարդանում էր: Մի խոսքով փնտրում էինք մի այնպիսի միտք, որ ունենա իմ պատմությունը: Կարճ պատմությունը, բայց իմ պատմությունը:

Ուզում էի նրան գտնել, համոզվել,

որ ոգիս ու ոգին, միտքս ու միտքը մոտ են իրար, բայց ոչ նույնը:
որ հայացքները նույնչափ են, բայց ոչ նույնը
որ հիշողությունների բույրը մոտ է, բայց ոչ նույնը
որ թռիչքներն իրար նման են, բայց ոչ նույնը
որ երազները նման գույներ ունեն, բայց ոչ նույնը

Փնտրեցի, փնտրեցի, բայց չգտա: Ահա և հանդիպեցի քեզ: Ասա ինձ

Ոգիդ ինչպես է:
Իսկ միտքդ:
Հայացքիդ չափը որքան է:
Հիշողությունդ ինչպես է բուրում:
Թռիչքդ ինչպիսին է:
Երազներդ ինչ գույն ունեն:

Ում միտքն ես:

1 comment: