Պատմությանն ու անցյալին ծանոթ լինելը, դա քո կյանքի ու կենսակերպի մասը դարձնելը այսօր այդքան էլ հեշտ չէ: Հեշտ չէ մի քանի պատճառնեով: Նախ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ մեր անցյալին, մեր նախնիների կյանքին, աշխատանքին, բնակության վայրին վերադառնալը, դրանց մասին տեղեկացված լինելը միշտ չէ, որ հնարավոր է: Մեզնից շատերի պապիկներն ու տատիկները, պապերն ու տատերը ապրել են բոլորովին այլ քաղքներում ու գյուղերում, այնքան տարբեր հասարակական, քաղաքական ու տնտեսական իրավիճակներում, որ մեզ կարծես դա մեկ այլ աշխարհ է թվում: Ի միջիայլոց դա այնքան էլ մոդայիկ չէ: Այսօրվա արագ զարգացող տեղեկատվության պայմաններում, մերոնց կյանքերն այնքան հեռու, խղճուկ ու հնամաշ են թվում, որ մեր հեռուստա-համացանցա-հոլիվուդյանակրկնօրինակած կենսակերպից ետ նայելը դարձել է անհնարին ու ոչ-ցանկալի:
Իսկ եթե երբեմն լսելով այսպես կոչված արյան կանչին ու Սուրբ Ծննդի, Խնամախոսի, երգուպարի և այլնի ավանդույթին ակամա հառնում է մեր մշակութային ու էթնիկական առանձնահատկություններին հետևելու բնազդը, ապա դա լոկ կրկնությունն է ծեսերի ու ձևերի: Թերևս այդքան էլ բարդ չէ կառչել մեծն ավանդույթ կոչվածից: Նրան կպցնել ազգային, համայնքային, հայեցի տիտղոսը ու բավարարվել դրանով: Երկար ժամանակ խոսել ու կռիվ տալ, թե այսօրվա պայմաններում ինչպես են խեղաթյուրվում ու կամաց-կամաց անհետանում մեր ավանդույթները: Թե ինչպես ենք հեռանում մեր արմատներից: Եվ ինչպես նշվեց, այս ամենի մեջ այդ ավանդույթն ու արմատները, այդ անցյալը սկսվում ու վերջանում է ծիսականով ու հարսանիքի կամ թաղման արարողությունների ընթացքում որոշակի հերթականությունները խախտել-չխախտելով:
Մեզնից շատերը նույնիսկ ծանոթ չեն այս կամ այն ծեսի ու սովորույթի բովադակությանը, դրա առաջացման պատճառներին ու տրամաբանական կամ ոչ-տրամաբանական սկզբնաղբյուրին: Թերևս բոլորս չէ, որ կարող ենք ամբողջովին տիրապետել պատմական բոլոր անցուդարձներին:
Բայց կան բաներ, որոնք հնարավոր են և ծայրահեղորն անհրաժեշտ: Դրանք պատմական հին իրադարձությունների հետ կապ չունեն, ոչ էլ կրոնական բնույթ են կրում: Այլ պատահել են պատմական առումով բոլորովին վերջերս:
Թերթում ենք Հայ մշակությաին Արարատ կազմակերպության 60ամյակին նվիրված գիրքը: 1944թին պատանեկան մշակութային միությունների միավորման արդյունքում ստեղծվեց մի միավոր, որն ավելի ուշ պիտի դառնա այսօրվա Արարատ կազմակերպությունը: Եվ մինչ ստեղծվելը և գործունեության ընթացքում, ընդ որում բավականին երկար ժամանակ, միավորված միությունների և հետո ծնված կազմակերպության հիմնական աշխատանքը եղել է գրական հանդիպումներ ունենալը, դրանց շուրջ վիճաբանություններ ու զրույցներ կազմակերպելը, այդ ուղղությամբ հեղինակներ ու մասնագետներ հրավիրելն ու նրանց հետ քննարկումներ անցկացնելը: Ահա այսպիսի մթնոլորտում է ստեղծվել Արարատը: Գիրքը, գրականությունը, գիտությունը արժեվորող, երիտասարդներին դրա շուրջ համախմբող ու դրանով շահագրգռող մի հավաք: Համոզված եմ, որ այդ մթնոլորտը չէր սահմանափակվի միմիայն Արարատով: Այդպես կպատահեր եթե այդ անվան փոխարեն ապագայում կազմվելիք միությունը կոչվեր Սիփան, Րաֆֆի, Սարդարապատ, Նայիրի և այլն…
Բայցևայնպես հարկ է հիշեցնել մեզ բոլորիս, որ եթե իրանահայությունը հպարատանում է ավանդապահությամբ ու արմատներին հնարավորինս մոտ կանգնալու ձգտմամաբ, ապա այն ինչ մեջբերվեց վերևում համայնքի պատմության հարուստ էջերից մեկի մասին, մեկ այլ քաղաքում չէր և այդքան էլ վաղուց չէր: Ինչպես նշվեց դա բոլորովին վեջերս էր, հենց այստեղ Թեհրանում:
Ինտելեկտուալ երիտասարդություն ունենալը, նրանց լսելը, նրանց հետաքրքրություններին հագուրդ տալը միայն այն ժամանակների մենաշնորհը չէ: Յուրաքանչյուր սերունդ ծնում է իր շերտավորումները` իրենց յուրահատկություններով: Բայց թող ոչ ոք չփորձի համոզել, որ արտագաղթները, պատերազմները, հեղափոխությունները, համակարգիչներն ու համացանցերը կարող են վերացնել մտքերի, գիտելիքների ու տեսակետների փոխանակումը, առողջ քննարկումները, ընթերցանությունը և մտավոր զարգացումը: Կարծում եմ այ այսպիսի արմատներից կտրվելը ավելի ցավոտ ու վտանգավոր է, քան ավանդույթ կոչված սովորույթներից:
31 մարտ, 2010
No comments:
Post a Comment