Այս երկիրը մեկ անգամ ևս ապշեցրեց ինձ: Այս տոտալիտար երկրում, որ կաշվիցդ էլ դուրս գաս, մեկ է առաջնորդը, որ դեռ չեկած ինչ-որ էմամի ներկայացուցիչն է, վերջին խոսքն ասողն է, որտեղ դեռ երեխաներին կախաղան են բարձրացնում ու ամուսնական դավաճանության համար քարկոծելով սպանում են, որտեղ տարվա մեջ մի ամբողջ ամիս ցերեկը փողոցում ուտել չի կարելի ու մի ամիս ևս արգելված են հարսանիքները, որը կրում է հին քաղաքակրթության ու փառավոր անցյալի հետքերն ու հանդիսանում է բազմաթիվ ազգերի հայրենիքը, տես թե ինչ է կատարվում:
Նախգահական ընտրություններ են... չորս թեկնածու մրցում են այս նավթով հարուստ, տնտեսական անոմալիա ապրող երկրի նախագահը դառնալու համար: Ծրագրերն ինչքան էլ տարբեր լինեն, մեկ է նույնանում են, ոչ միայն երկրի ապագայի, ազգային անվտանգության, ինքնասիրության և այլնի շուրջ, այլ նաև հիմնադիր էմամի ճամփան շարունակելու և ներկայիս հոգևոր առաջնորդի ձեռքի տակ աշխատալու հարցերում: Դե «Իրանի մեծ ու սիրելի ժողովուրդ» արտահայտությունն էլ չի պակասում նրանց բերաններից: Այսքանը դեռևս զարմանալի չէ:
Զարմանալին սկսվում է այնտեղից, որ ինչպես ասվեց, այս տոտալիտար երկրում ժողովուրդը կա: Կա բառիս բուն իմաստով: Փողոցները լիքն են: Գրեթե ամեն 2-րդ, 3-րդ մեքենա կրում է թեկնածուներից մեկի նկարը: Քաղաքի բոլոր մեծ խաչմերուկներում հավաքվում են երիտասարդներ ու կանչում են իրենց նախընտրած թեկնածուի անունը: Այնպիսի եռուզեռ է, որ տանը մնալը անհնարին է դարձնում: Հենց այս պահին քաղաքաը պարալիզացվել է: Այս հսկա 13-15 միլիոնանոց քաղաքում մեքենայով տեղաշարժվելն անհնարին է, քանի մարդիկ` երիտասարդությունը փողոցներում են: Զարմանալի ու նաև նախանձելի չէ արդյո¨ք:
Պայքարն ընթանում է հիմնականում ներկայիս նախագահի` Ահմադինեժադի ու Իրան-Իրաք պատերազմի տարներին Իրանի վերջին վարչապետ Մուսավիի միջև: Վերջինիս համախոհներին, որոնք ի դեպ աչքի են ընկնում իրենց ավելի ժամանակակից արտաքինով, ընդհանրացնողը կանաչ գույնն է, իսկ Ահամդինեժադինը Իրանի դրոշն է: Քաղաքոմ ամենուրեք Իրանի դրոշի գույներով և կանաչ դրոշներ են, ժապավեններ, վզկապներ, հագուստներ և այլն: Անկողմնակալ անցորդներին, եթե այդպիսիք գտնվում են, բաժանվում են ոչ միայն թեկնածուների ծրագրերն ու նկարները, այլ նաև հենց մի օր առաջ, կամ մի քանի ժամ առաջ արտահայտած խոսքեր, կամ դրանց վերաբերող նյութեր:
Ամեն երեկո ուղիղ եթերով հեռարձակվող հեռուստա-ռադիո բանավեճերին անմիջապես հաջորդում են դրանցում արտահայտված մտքերը եւ հաճախ նաև մրցակից թեկնածուի կողմից արված հայտարարության, մտքի կամ բառի հակադարձը պարունակող լոզունգներ, որոնք երբեմն կրում են նաև հումորային ու ծաղրական երանգ: Երբեմն նաև հնչում են ավելի լուրջ ու վաղուց մոռացված արտահայտություններ, որոնք թերևս իրանի հեղափոխությունից ի վեր օգտագործվել են միմիայն Իսրայելի ու միացյալ նահանգների հասցեին:
Իսկ այս ամենում, երբ մրցակիցների համախոհները անցնում են միմյանց կողքով` յուրաքանչյուրը կանչելով իր թեկնածուի անունը, որտեղ լոզունգները երբեմն այդքան էլ սիրալիր չեն, պատահում է, գոնե ըստ իս, ամենաանհավանականը. հարյուրավոր ու հազարավոր մարդկանց միջև վեճեր ու քաշքշոցներ չեն լինում: Հավատացեք, որ եթե այդպիսիք էլ լինում են, դրանք վայրկյաններ են տևում, բառի բուն իմաստով, մինչև երկու կողմերի ընկերները վրա են հասնում ու.... նրանց բաժանում են: Բազմիցս եմ նկատել, որ երբ ասենք կանաչ գույնով ծածկված երրիտասարդների խմբի միջով անցնում են իրանական դրոշներ բռնած մարդիկ, հենց կանաչավորների միջից գտնվում են կամավորներ, որոնք մարդկային շղթա կազմելով նրանց շուրջը, պաշտպանում են անցնողներին, նվազագույնի հասցնելով բախման հավանականությունը, մինչև նրանք կանցնեն կանաչների միջով: Ընթացքում խոսակցություններն ու ռեպլիկները երկու տարբեր ճամբարների միջև հանգիստ են ու չափավորված, ու կուզեք հավատացեք, կուզեք ոչ` ժպիտով: Ահա այդպիսին է երբեմն մեզ շատ արևելյան թվացող երկրի երիտասարդությունը: Ժպտում են միմյանց, երբ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է մեկ այլ մրացակցի:
Ես երբեք հեղափոխություն չեմ տեսել: Դրանք միշտ պատահել են մինչև իմ տեղ հասնելը. մեկ անգամ մինչը ծնունդս, իսկ մեկ անգամ էլ մինչև հգեղափոխված երկիր ժամանելս!! Այ հիմա եմ հասկանում, թե ինչ էներգիա է տիրում փողոցում ու քաղաքում նման դեպքերում ու բնականաբար ցավում եմ, որ երբևէ դրան մաս չեմ կազմել: Անշուշտ այս ամենը հեղափոխություն չէ, գոնե բառիս դասական իմաստով: Վատատեսները նույնիսկ կրկնում են, որ ոչ մի քաղաքացիական գիտակցության ու պարտքի խնդիր էլ չկա, որ այս ամբողջը քաղաքական խաղ է, իսկ արդյունքը` արդեն կանխորոշված:
Բայց ես այդպես չեմ ուզում մտածել: Պատրաստ եմ վերջում խաբված զգալ ինձ: Իսկ առայժմ ուզում եմ ամեն օր ավելի զարմանալ ու նախանձել...
No comments:
Post a Comment