6.5.09

Անտարբերություն քաղաքականության թե ապագայի նկատմամբ

Թեհրանի հայոց թեմական խորհրդի նախաձեռնությամբ, Արարատ մարզավանում, անցյալ շաբաթ կազմակերպվել էին հանդիպումներ Իրանում հունիսի 12-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների հետ: Այնպես, ինչպես կարդում ենք Ալիք թերթի լրատվության մեջ չորս օր անընդմեջ հայ համայնքի հետ կայացած հանդիպումների ընթացքում թեմական խորհրդի անունից նախագահների ընտրական շտաբներին ներկայացվել են համայնքին հուզող հարցերի փաթեթ իրավական, կրթական, մշակութային և սոցիալական ոլորտներում: Թեկնածուների կամ նրանց շտաբների ներկայացուցիչներն էլ իրեն թեկնածուի ծրագրային հիմանդրույթները ներկայացնելուց հետո պատասխանել են մասնակիցների հարցերին, ինչն ի դեպ չափազանց հետքրքրական էր:
Հանդիպումները եզակի առիթ էին մոտիկից լսելու նախագահական թեկնածուների ներկայացուցիչներին, որոնք հաճախ զբաղեցրել են կամ դեռևս զբաղեցնում են, իսկ թերևս նրանցից որմանք պիտի զբաղեցնեն բարձր ու պատասխանատու պաշտոններ Իրանի պետական համակարգում: Նրանց հարցեր ուղղելը` անցած գործունեության, գալիք ծրագրերի ինչպես նաև հայ համայնքի հիմնախնդիրների մասին, ամեն օր ու այդքան հեշտությամբ պատահող հնարավորություն չէ: Ինչպես ասում են` նրանցից յուրաքանչյուրին հանդիպելու ու հարցեր ուղղելու համար սովորաբար պետք է անցնել բազմաթիվ անջրպետներ: Հարկ է նշել նաև, որ այդ հանդիպումները կարևոր էին, երկրի ապագա նախագահին ներկայացնելու հայ համայնքը ոչ միայն իր խնդիրներով, այլև քաղաքացիական ակտիվությամբ ու երկրի անցուդարձի նկատմամբ հետքրքրվածությամբ:
Այդ ամենով հանդերձ հասարակության մասնակցությունը այս հանդիպումներում ցավալիորեն քիչ էր և հասնում էր նվազագույնի ( բացառությամբ միայն մեկ օրվա): Հանդիպումներից մեկում նույնիսկ մասկացում էին շուրջ 40 հոգի... Թե ինչպիսի տպավորություն թողեց փոքրաթիվ մասնակացությունը հյուրերի վրա, մեկ այլ քննարկման հարց է: Բայց այն հարցի շուրջ, թե ինչ պարզեցինք ինքներս մեր մասին, երևի հարկ է հապաղել:
Պարզվեց, որ իրանահայ համայնքը մասնավորապես երիտասարդությունը հեռու է երկրում կատարվող քաղաքական-հասարակական այս աշխուժ մթնլորոտից: Նրան չի հետաքրքրում ով կընտրվի, ինչու կընտրվի և ի վերջո ինչ է անելու հաջորդ նապագահը: Առնվազն Թեհրանում տիրող այս ընտրական բուռն անցուդարձը, հեռուստատեսությամբ ու մամուլում եղած այս ակտիվիությունը կարծես անցնում է իրանահայ երիտասարդության կողքով միայն: Եվ քաղաքում ամուրեք երևացող, ընտրություններով տարված երիտասարդներից, որոնցով կարող է նախանձել թերևս յուրաքանչյուր երկիր, շատ հեռու են նրանք:
Եթե սա քաղաքացիական գիտակցության բացակայություն է, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է լրջորեն քննել ու քքնարկել դրա պատճառներն ու լուծման ձևերը: Իսկ եթե սա լոկ անտարբեություն է երկրի ու հասարակության ապագայի նկատմամբ և նշան է Իրանի հասարակությունից այդքան զատված լինելու , ապա դա առավել ևս վտանգավոր է ու թերևս զարմանալի չէ այն, որ մեր այսքան ամուր կապը այս երկրի հետ գնալով կորչում է, ավաղ` անվերադարձ:

No comments:

Post a Comment