19.12.10

Սնապաշտությունից ցայսօր. Վիքիլիքսը «սարքած գործ ա՞»

Վիքիլիքսի տարածած գաղտնի փաստաթղթերի ու կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասսանժի մասին լուրերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Ոմանք կարծում են, թե հրպարակված տեղեկությունները էդքան էլ նորություններ չեն պարունակում ու մենք արդեն գիտեինք այդ ամենը: Ոմանք էլ, անկախ հրապարակումների բնույթից, հավատացած են, որ այս ամենը նախապես ծրագրավորված է ու հենց Ամերիկայի, իսկ երբեմն էլ Իսրայելի, հատուկ ծառայությունների մատը խառն է:
Սա անշուշտ ցույց է տալիս մերոնց կտրվածությունը աշխարհաքաղաքական գործընթացներից: Նման մոտեցումը ճիշտ և ճիշտ կրկնությունն է բնության երևույթների պատճառները չիմանալու արդյունքում դրանց պաշտելու կամ դրանց համար աստվածներ ստեղծելու ու զոհաբերություններ կատարելու ժամանակներին:


Քանի որ անկարող ենք հասկանալ համաշխարհային քաղաքական-տնտեսական ու դիվանագիտական զարգացումներն ու համակարգը, ուրեմն դրանք վերլուծելու կամ տեղեկություններ գտնելու նպատակով մեզ պատեպատ չտալու համար եզրակացնում ենք, որ Դա ամենազորեղն է, ամեն ինչ գիտի ու առանց Դրա համաձայնության որևէ բան չի պատահում: Այդպես մտածողներին պետք է հիշեցնել, որ մենք չգիտենք ու չենք կարողանում վերլուծել այդ ամենը, որովհետև տեղեկություններ չունենք: Տեղեկություններ չունենք, որովհետև դրանք գաղտնի են պահվել: Իսկ Վիքիլիքսերը կոտրել են այդ գաղտնիության պատնեշները:

Հայրենի լրագրողների ու վերլուծաբանների այն մասը, որ հայտատարում է Վիքիլիքսի սարքովի լինելու կամ նորություններ չպարունակելու մասին, թող նախավիքիլիքսյան մամուլից մեջբերի մի հաղորդացրություն, որտեղ ասվում է, որ Հայաստանը Իրանին զենք է վաճառել: Նման բան չկա: Ուրեմն լրագրողները վատ են կատարում իրենց աշխատանքը, իսկ վաճառքի մասին իմացող քաղաքական գործիչները լավ չէին անում, որ գիտեին ու լռում էին:

Այդ մասին իմանալու իրավունքը նաև մենք ունենք: Եթե ասենք շարունակվեր զենքի վաճառքը ու ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառեր Հայաստանի դեմ (այնպես, ինչպէս նշված է Վիքիլիքսի փաստաթղթում), ապա դրա հետևանքները կրելու էինք նաև մենք, իսկ եթե զենքի վաճառքի կամ դադարեցման արդյունքում Իրան-Հայաստան հարաբերությունները փոփոխության ենթարկվեին, դարձյալ ազդվելու էր մեր կյանքը: Մեզ պարտավոր էին տեղեկացնել այդ մասին:

Իսկ հիմա Վիքիլիքսը անում է այն, ինչ մեր լրագրողներն ու պաշտոնյաներն ու վերլուծաբանները չեն արել: Կարծում եմ, որ այսօր էլ նրանցից շատերը չեն հետևում Վիքիքլիքսի հրապարակումներին ու բավարավում են արևմտեան լրատվամիջոցների հրապարակումներով, որոնք (սովորության համաձայն) արդեն իսկ սկսել են խեղաթյուրված ներկայացնել Վիքիլիքսի նյութերը՝ համոզված լինելով որ ոչ բոլորն են կարդում փաստաթղթերը:

Ու զարմանալի չէ, որ շարունակում են մեզ համոզել, որ այդ ամբողջը սարքովի է:

Դարձյալ հիշեցնում եմ, կուռքերը, արևը, կրակը, աստծուն ... սկսեցինք կուրորեն պաշտել ու զոհեր մատուցել հենց այսպես. ոմանք մեզ համոզեցին, որ էդպես է պէտք:

Բայց ախր դա շա՜տ վաղուց էր:

No comments:

Post a Comment