Այս երկիրը մեկ անգամ ևս ապշեցրեց ինձ: Այս տոտալիտար երկրում, որ կաշվիցդ էլ դուրս գաս, մեկ է առաջնորդը, որ դեռ չեկած ինչ-որ էմամի ներկայացուցիչն է, վերջին խոսքն ասողն է, որտեղ դեռ երեխաներին կախաղան են բարձրացնում ու ամուսնական դավաճանության համար քարկոծելով սպանում են, որտեղ տարվա մեջ մի ամբողջ ամիս ցերեկը փողոցում ուտել չի կարելի ու մի ամիս ևս արգելված են հարսանիքները, որը կրում է հին քաղաքակրթության ու փառավոր անցյալի հետքերն ու հանդիսանում է բազմաթիվ ազգերի հայրենիքը, տես թե ինչ է կատարվում:
Նախգահական ընտրություններ են... չորս թեկնածու մրցում են այս նավթով հարուստ, տնտեսական անոմալիա ապրող երկրի նախագահը դառնալու համար: Ծրագրերն ինչքան էլ տարբեր լինեն, մեկ է նույնանում են, ոչ միայն երկրի ապագայի, ազգային անվտանգության, ինքնասիրության և այլնի շուրջ, այլ նաև հիմնադիր էմամի ճամփան շարունակելու և ներկայիս հոգևոր առաջնորդի ձեռքի տակ աշխատալու հարցերում: Դե «Իրանի մեծ ու սիրելի ժողովուրդ» արտահայտությունն էլ չի պակասում նրանց բերաններից: Այսքանը դեռևս զարմանալի չէ: